Եղվարդի միջնակարգ դպրոց

Մեր դպրոցը

Նոյեմբերի 16th, 2016

Սյունիքի մարզի Կապան համայնքի դրախտային մի անկյուն է Եղվարդը՝ փռված լանջն ի վար՝ հպարտ, շքեղ ու առինքնող: Պատմական հետաքրքիր ուղի է անցել Եղվարդը՝ I համաշխարհայինից մինչև արցախյան պատերազմ, ու դեռ կա, ապրում է իր կյանքով՝ վկա Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Խորհրդային տարիներին գյուղը մեծ ծաղկում ապրեց՝ դառնալով ենթաշրջանի ճանաչված գյուղերից՝ իր տնտեսությամբ, աշխույժ երիտասարդական կյանքով, մշակութային օջախով, իր դպրոցով ու արժանի զավակներով:

Եղվարդցին միշտ էլ ուսումնատենչ է եղել, ձգտել է դեպի գիտություն, ուսում, վկա՝ նրա ճանաչված զավակները: Ասում են, ժամանակին մեր գյուղ է այցելել մեծն վիպասան Րաֆֆին և հյուրընկալվել Ծատրյանների ընտանիքում: Մեր եկեղեցու բակում է գտնվում Թորոս Իշխանի և նրա համհարզների գերեզմանը:

Ասում են, դեռ շատ վաղուց գյուղում գործել է դպրոց՝ անհատական, տներում: Բայց պետականորեն առաջին դպրոցը բացվել է 1921 թվականին, միահարկ, խարխուլ մի շինությունում: Ունեցել է մոտ 70 աշակերտ և 2 ուսուցիր՝ Արմենակ Ծատրյան, Նատալյա Կարագյոզյան: Հետո դպրոցը տեղափոխվեց Բեկի տուն, այնուհետև կառուցվեց միահարկ, նախկին ութնամյա քարաշեն դպրոցը և 1971-ին կառուցվեց այժմյան երկհարկանի տիպային միջնակարգ դպրոցը:

Ընդհանրապես հեշտ չի եղել դպրոցաշինության ճանապարհը Եղվարդում՝ եռամյա, քառամյա, յոթնամյա, ութնամյա, տասնամյա՝ հիմա ՝էլ 12-ամյա:

Տնօրենների մի շղթա է անցել այս ճանապարհով՝

Մուշեղ Անտոնյան 1924_26թ.թ.

Միշա Հարությունյան 1926-27 թ.թ.

Շմավոն Մինասյան 1927-28 թ.թ.

Աշոտ Հակոբյան 1928-29թ.թ.

Մուշեղ Անտոնյան 1929-30թ.թ.

Կոստյա Նազարյան 1930-34թ.թ.

Սուրեն Աբրահամյան 1934-36թ.թ.

Գրիգոր Թումանյան 1936-37թ.թ.

Վահան Գրիգորյան 1937-39թ.թ.

Անդրանիկ Արզումանյան 1939-41թ.թ.

Վարդուշ Մերժումյան 1941-43թ.թ.

Անուշավան Հայրապետյան 1943-84թ.թ.

Էդիկ Հովսեփյան 1984-89թ.թ.

Սամվել Մկրչյան 1989-91թ.թ.

Էդիկ Հովսեձյան 1991-98թ.թ.

Մանյա Գևորգյան 1998-99թ.թ.

Արթուր Սարգսյան 1999-2001թ.թ.

Մանյա Գևորգյան 2002-ցայսօր

Խորհրդային տարիներին դպրոցում սովորում էին 150-200 աշակերտ: 2001թ. մեծ շուքով տոնվել է դպրոցի 80-ամյակը:

Այսօր դպրոցը կոչվում է միջնակարգ՝ 12-ամյա, սովորում է 32 աշակերտ, դասավանդում է բարձրագույն կրթությամբ վաստակաշատ և նոր գաղափարներով տոգորված 14 հոգանոց մանկավարժական կոլեկտիվ, որը անում է ամեն ինչ դպրոցը և մանկավարժի մասնագիտությունը իր բարձունքին պահելու համար: Նրանց ջանքերով դպրոցում գործում են մանկավարժական, դպրոցական, ծնողական, աշակերտական խորհուրդները և կարողանում են ուսումնառության և դաստիարակչական խնդիրները համակցել և ճիշտ դաստիարակել մեր ապագան կերտող հայրենասերների, որոնք ճանաչում են իրենց հայրենիքը, նախնիներին և հպարտանում նրանցով: Հետաքրքիր է անցնում դպրոցական կյանքը՝ թեմատիկ, տոնական, մանկական, ցերեկույթ-երեկույթներ, արշավներ, գործող խմբակներ՝ լեզուներ, մաթեմատիկա, երաժշտություն, շախմատ, <Հմուտ ձերքեր>, օլիմպիադաներ, մրցույթներ: Բավական է նշել, որ մեր աշակերտներից շատ շատերը իրենց կրթությունը շարունակում են հանրապետության ճանաչված բուհերում և կգան համալրելու մեր շարքերը:

Կա դպրոց, կա հույս, որ գյուղը կապրի ու կծաղկի:

Կանաչ ճանապարհ քեզ, հարազատ դպրոց: